Սրբազանի առողջությունը նորմալ է, դատավորը փաստացի դատական համակարգը ոչնչացրեց․ Միքայել Սրբազանի եղբորորդի
Հասարակություն
20:38 03/10/2025
Հայաստան

Սրբազանի առողջությունը նորմալ է, դատավորը փաստացի դատական համակարգը ոչնչացրեց․ Միքայել Սրբազանի եղբորորդի

 «Երեկ տեսակցել եմ Սրբազանին, լավ էր, Աստված ուժ տալիս է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի թեմից Արտաշես սարկավագ Աջապահյանը, որը Միքայել Սրբազանի եղբորորդին է։

Նա նաև նշեց, որ Սրբազանը սպասում էր այս որոշմանը։

«Այդպես էլ ասաց՝ 2 տարի տալու են և այն 6 ամիսն էլ  ոնց որ լավություն անեն էլի, ինքն արդեն կանխատեսել էր։  Փառք Աստծո, Սրբազանի առողջությունը նորմալ է, որևէ խնդիր չկա։ Դատավորը փաստացի դատական համակարգը ոչնչացրեց իր  այս որոշմամբ, որովհետև փաստված իրականություն է արդեն, որ ոչ մեղադրանքը հիմնավորվեց, ոչ որևիցե ապացույց բերվեց, բացարձակ անարդար դատավճիռ էր, քաղաքական պատվեր։ Ակնհայտ էր, որ քաղաքական նպատակներով կատարված դատավարություն էր, որպեսզի Միքայել Սրբազանը չխոսի և նախընտրական քարոզարշավին չխանգարի, իրենց վերարտադրվելուն չխանգարի։ Սա է խնդիրը»,- ասաց սարկավագը։

Նրա խոսքով՝ ցանկացած ուժ, որն իշխող ուժի համար վտանգ է ներկայացնում, պայքարելու են նրանց դեմ։

«Վտանգ են ներկայացնում բոլոր հայրենասեր, իրոք ազգի նվիրված ուժերը, նրանց  պետք է ինչ-որ կերպով կամ դատարանների միջոցով, կամ այլ միջոցներով՝ օրինական թե ապօրինի, պայքարելու են ընդդիմության դեմ, պայքարելու են իրենց իշխանությունը խաթարողների կամ իրենց խանգարողների դեմ»։

Արտաշես սարկավագ Աջապահյանն ընդգծեց, որ  փաստաբանական թիմը բողոքարկելու է, գնալու են մինչև վերջ, որպեսզի Սրբազանն արդարացվի։

«Սրբազանը մեղավոր չէ, և երբ որ արդարացվեց, արդեն հաջորդ քայլերը կտեսնենք ինչ կանեն, որովհետև պատասխան են տալու բոլոր անարդար վճիռ կայացնողները»։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սրբազանի առողջությունը նորմալ է, դատավորը փաստացի դատական համակարգը ոչնչացրեց․ Միքայել Սրբազանի եղբորորդի